Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու է Լիոնել Մեսին նախորդ 2 խաղերում դուրս մնացել թիմի հայտացուցակից:
«Ես հետևում եմ բժիշկների ցուցումներին: Նրանք ասացին, որ Մեսին վնասվածք չունի, բայց հոգնել է: Ամեն դեպքում 6 օրվա ընթացքում 3 հանդիպում անցկացնելը ծանր է: Մենք չենք ցանկանում, որ Լեոն հոգնի, հաշվի ենք առնում բոլոր ռիսկերը, դրա համար էլ հանգիստ ենք տվել նրան: Իհարկե, առանց աշխարհի լավագույն հարձակվողի խաղալը բարդ է, բայց մենք պարտավոր ենք առաջ շարժվել առանց նրա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը:
37-ամյա ֆուտբոլիստը չէր մասնակցել «Կավալյերի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, իսկ հետո չէր ընդգրկվել «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղի հայտացուցակում:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել նույնքան ասիստ: