«Չելսին» Էնցո Մարեսկայի հետ պայմանագիրը խզելուց հետո շարունակում է նոր մարզչի որոնողական աշխատանքները։
Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ լոնդոնյան թիմը գլխավորելու հիմնական թեկնածուն «Չելսիի» «քույր ակումբ» հանդիսացող «Ստրասբուրգի» բոս Լիամ Ռոսենյորն է (երկու ակումբներն էլ պատկանում են BlueCo ընկերությանը, որի ղեկավարը Թոդ Բոյլին է)։
Լիամ Ռոսենյորը Եվրոպայի ամենատաղանդավոր ու հեռանկարային մարզիչներից է։ Նա վարժ տիրապետում է ֆրանսերենին՝ «Ստրասբուրգի» ֆուտբոլիստների հետ անմիջական ու անկաշկանդ շփում ապահովելու համար։ Ռոսենյորն իր աշխատանքում վստահում է նորագույն տեխնոլոգիաներին. նա կիրառում է արհեստական բանականության (AI) հնարավորությունները խաղացողների հոգեվիճակը վերլուծելու համար, իսկ մարզումներից հետո մանրակրկիտ ուսումնասիրում է ֆուտբոլիստների դիմախաղը՝ հասկանալու նրանց էմոցիոնալ ներաշխարհը։
FastNews-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր 41-ամյա մարզչի մասին։
«10-րոպեանոց մարզչի» որդին
Լիամը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լերոյ Ռոսենյորի որդին է։
Հետաքրքիր է, որ նրա հայրը ժամանակին գրանցել է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենակարճ մարզչական պաշտոնավարման ժամանակահատվածը. նրան հեռացրել են «Թորկի Յունայթեդից» նշանակումից ընդամենը 10 րոպե անց՝ ակումբի վաճառքի պատճառով։
11-ամյա մարզիչը
Լիամ Ռոսենյորն այն մարզիչներից է, որոնց համար ֆուտբոլը ոչ թե պարզապես խաղ է, այլ բարդ ու անվերջանալի գիտություն: Նրան հաճախ անվանում են «ֆուտբոլի ուսանող», սակայն ոչ թե փորձի պակասի, այլ գիտելիքի հանդեպ ունեցած անհագ ծարավի համար։
Դեռ 11 տարեկանում Լիամը դպրոցական առաջնություններում տեսնում էր խաղի երկրաչափությունը: Նա ոչ միայն իր թիմի առաջատարն էր, այլև մարզիչը։ Պատանի Լիամը թղթին էր հանձնում մարտավարական սխեմաները՝ թիմակիցներին բացատրելով դիրքային առավելության և գնդակի տեղաշարժի նրբությունները: Նա սովորական երեխա չէր, որ վազում էր գնդակի հետևից. նա արդեն այդ տարիքում կառուցում էր իր առաջին թիմը։
Մարզչական Pro արտոնագիր՝ 32 տարեկանում
Շատ ֆուտբոլիստներ մարզչական կրթության մասին սկսում են մտածել միայն «խաղակոշիկները մեխից կախելուց» հետո, բայց Ռոսենյորի ուղին այլ էր:
Լիամը մարզչական Pro արտոնագիր է ստացել 2017 թվականին, երբ դեռ ընդամենը 32 տարեկան էր։ Այդ ժամանակ նա «Բրայթոնի» ֆուտբոլիստ էր և ստիպված էր ապրել երկու զուգահեռ իրականություններում․ ծանր մարզումներին ու խաղերին հաջորդում էին բավական բարդ ուսումնասիրություններն ու վերլուծությունները։ Ռոսենյորը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ պրոֆեսիոնալ արտոնագիր ստացած ամենաերիտասարդ մարզիչներից է։
Ուեյն Ռունիի «աջ ձեռքը»
Ռոսենյորի մարզչական կարիերայում մեծ դեր է ունեցել Ուեյն Ռունին։ Լիամը «Դերբի Քաունթիում» եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների գլխավոր գոլահարի օգնականը, իսկ նրա հեռացումից հետո դարձել է գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Ռոսենյորն ասել է, որ Ռունիից սովորել է աշխատել ճնշման պայմաններում ու ֆուտբոլիստներին ցուցաբերել անհատական մոտեցում։ Ժամանակին անգլիացին համարվում էր Ուազայի աջ ձեռքը, բայց կյանքը նրանց տարբեր ճանապարհներով տարավ․ Ռունին ձախողվեց իր հաջորդ ակումբներում, իսկ Ռոսենյորն այնքան զարգացավ, որ հիմա «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուն է։
Հաջողության «զոհը»
2024 թվականի մայիսը «Հալ Սիթիի» երկրպագուների համար պետք է լիներ հույսի ու հպարտության ամիս, սակայն այն վերածվեց իսկական «սառը ցնցուղի»։ Ակումբի սեփականատեր, թուրք Աջուն Իլիջալին որոշեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Լիամ Ռոսենյորին՝ մեկին, որը Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի գլխավոր թեկնածուներից էր։
Ռոսենյորը կարճ ժամանակահատվածում «Հալ Սիթիին» դարձրել էր Չեմպիոնշիփի ամենադիտարժան ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկը։ 2023/24 մրցաշրջանում «Վագրերը» հավաքեցին 70 միավոր ու զբաղեցրին 7-րդ տեղը․ դա վերջին տարիներին ակումբի լավագույն արդյունքն էր։
«Հալ Սիթիի» սեփականատերը, որը հայտնի է էմոցիոնալ բնավորությամբ, ցանկանում էր տեսնել հարձակվողական և ռիսկային ֆուտբոլ։ Նա ուզում էր, որ «Հալը» հաղթի 5:4 հաշվով, այլ ոչ թե վերահսկի խաղն ու առավելության հասնի 1:0 հաշվով։ Ռոսենյորի պատկերացրած ֆուտբոլն ամբողջությամբ այլ էր․ նրա գլխավորած թիմը վերահսկում էր գնդակը, հաճախ ցուցադրում էր պրագմատիկ խաղ, լավագույն տասնյակի ներկայացուցիչներից էլ ամենաքիչ գոլ խփած երկրորդ թիմն էր։
Ռոսենյորի հեռացումից հետո «Հալ Սիթիի» երկրպագուներն ուղղակի «պայթեցրին» համացանցը․ նրանք երիտասարդ մասնագետին համարում էին ակումբի փրկիչը և չէին կարողանում հավատալ կատարվածին։ Փորձագետներից շատերն էլ Իլիջալիի որոշումը համարեցին «ֆուտբոլային ինքնասպանություն»։
Ինտելեկտուալ և մեդիափորձառու
Լիամ Ռոսենյորն այն մարզիչներից է, որոնք, նախքան մեծ ֆուտբոլային նախագծերն իրենց ձեռքը վերցնելը, կարողացել են նվաճել հանրության վստահությունը՝ որպես բարձրակարգ վերլուծաբան և մտածող։ Մինչև մարզչական շտաբերում ընդգրկվելը, Ռոսենյորն աշխատել է Sky Sports-ում (որպես վերլուծաբան) և The Guardian-ում (որպես հոդվածագիր)։
Նա ուներ բնատուր ձիրք՝ բարդ մարտավարական լուծումները պարզ և հասկանալի լեզվով հանրությանը մատուցելու համար։ Նա ոչ թե քննադատում էր ֆուտբոլիստներին կամ մարզիչներին, այլ բացատրում էր՝ ինչու է այս կամ այն խաղացողը սխալ դիրք ընտրել կամ ինչպես է մարզչի մտահղացումը փոխել հանդիպման ընթացքը։
Ժամանակակից ֆուտբոլում մարզիչը պետք է լինի նաև հաղորդակցության վարպետ։ Ռոսենյորի մեդիափորձառությունը նրան տալիս է երեք կարևոր առավելություն.
-
Ճնշման կառավարում․ նա գիտի, թե ինչպես է աշխատում մամուլը, և կարող է պաշտպանել իր թիմին լրագրողների «սուր» հարցերից։
-
Հեղինակություն հանդերձարանում․ Ռոսենյորի խոսքը լսելի ու ընդունելի է. այս հատկանիշը նա ձեռք է բերել նաև ֆուտբոլային նրբությունները միլիոնավոր մարդկանց բացատրելու շնորհիվ։
-
Իմիջ․ Լիամը խելացի է, կիրթ, ներկայանալի ու ժամանակակից։ Թոդ Բոյլին հաճախ է նշել, որ հենց նման որակներ ունեցող մասնագետի է ցանկանում տեսնել «Չելսիում»։
Լիամ Ռոսենյորի ֆուտբոլային փիլիսոփայությունն ու գաղափարները շատ հետաքրքիր են։ Երիտասարդ մարզիչը մեծ ուշադրություն է դարձնում գնդակի վերահսկողությանն ու բարձր պրեսինգին, բավական ճկուն է և խաղի ընթացքում փոփոխություններ կատարելու շնորհիվ կարողանում է անակնկալի բերել մրցակիցներին։
«Չելսին» գլխավորելու ամենահավանական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդի» ու սըր Ալեքս Ֆերգյուսոնի մեծ երկրպագու է։


