Եվրագավաթներում ելույթները սկսեց Հայաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ «Արարատ-Արմենիան»: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի մեկնարկային խաղում Հայաստանի փոխչեմպիոնը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց էստոնական «Պայդեի» հետ մրցավեճում:
VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Մեկամյա ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիան» կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս եկավ՝ 3-րդ անգամ մասնակցելով եվրագավաթների խաղարկությանը: «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում նորամուտը նշել էր 2019/20թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որում չէր հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելքը (2-1, 1-3): Հետագայում Վարդան Մինասյանի սաները պայքարը շարունակել էին Եվրոպա լիգայում՝ հասնելով մինչև փլեյ-օֆֆ:
2. «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է մասնակցում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը՝ դառնալով այդ մրցաշարում հանդես եկած հայկական 5-րդ ակումբը: Եվրագավաթներում «Արարատ-Արմենիան» առաջին ոչ-ոքին գրանցեց: Մինչ այդ անցկացրած 12 հանդիպումներից 7-ում «Արարատ-Արմենիան» հաղթել էր, 5-ում՝ պարտվել, խփել էր 19 գնդակ, սեփական դարպասը բաց էր թողել 16 գոլ:

3. «Արարատ-Արմենիան» առայժմ մեկ անգամ է եվրագավաթներում հաղթանակով մեկնարկել: Դա 2019/20թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում էր, երբ թիմը նորամուտն էր նշում եվրագավաթներում: 2019թ. հուլիսի 9-ին «Արարատ-Արմենիան» Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության էր մատնել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին:
Եվրագավաթների հաջորդ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում նվազագույն հաշվով զիջել էր Կիպրոսի «Օմոնիային»:
4. Եվրագավաթներում անցկացրած վերջին երկու հանդիպումներում «Արարատ-Արմենիան» չի կարողացել հաղթել՝ մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, մյուսում պարտվելով: Առայժմ վերջին հաղթանակը թիմը տոնել է 2020/21թթ. Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ փուլում՝ սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասնելով Սլովենիայի «Ցելյեի» նկատմամբ:
5. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց էստոնական ակումբի հետ: «Պայդեն» էստոնական առաջին ակումբն էր, որ եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմի հետ: Էստոնիան դարձավ 43-րդ երկիրը, որի թիմը մրցեց Հայաստանի ներկայացուցչի հետ:
6. Վարդան Բիչախչյանը գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշեց «Արարատ-Արմենիայում»: «Պայդեի» հետ հանդիպումը Բիչախչյանի համար հոբելյանական՝ 25-րդն էր եվրագավաթներում գլխավոր մարզչի կարգավիճակում: Այս ցուցանիշը ռեկորդային է եվրագավաթների մասնակից հայկական թիմերի մարզիչների մեջ: 2-րդ արդյունքն ունի Վարդան Մինասյանը (20 խաղ): 25 հանդիպումներից 5-ում Բիչախչյանի սաները հաղթել են, 8-ն ավարտել են ոչ-ոքի, 12-ում պարտվել են, խփել են 22 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 34 գնդակ:

Գլխավոր մարզչի պաշտոնում Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում կայացել է 2012թ. հուլիսի 5-ին: Այդ օրը «Շիրակը» Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի «Ռուդարին»:
7. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում Վարդան Բիչախչյանի գլխավորած հայկական 3-րդ ակումբն է: Նրա օրոք «Շիրակին» և «Արարատին» ընդհանուր առմամբ 5 անգամ հաջողվել է հաղթահարել մրցակցի արգելքն ու մտնել հաջորդ փուլ:
Այդ ցուցանիշով Բիչախչյանը ևս ռեկորդակիր է: Գլխավոր մարզչի պաշտոնում նա իր սաների հետ 8-րդ անգամ է մասնակցում եվրագավաթներին: Այդ ցուցանիշով Բիչախչյանն առայժմ զիջում է միայն «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանին, որի գլխավորությամբ գյումրեցիները 9 անգամ մասնակցել են եվրագավաթներին՝ անցկացնելով 18 հանդիպում, չկարողանալով գեթ մեկ անգամ հաղթահարել մրցակցի արգելքը:
8. Վսևոլոդ Երմակովը նորամուտը նշեց «Արարատ-Արմենիայում»՝ Դմիտրի Աբակումովից և Ստեֆան Չուպիչից հետո դառնալով եվրագավաթներում թիմի դարպասը պաշտպանած 3-րդ դարպասապահը: Եվրագավաթներում Երմակովը 11-րդ խաղն անցկացրեց՝ 3-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:
9. «Արարատ-Արմենիայում» նորամուտը նշեցին նաև Ուգո Ֆիրմինոն, Տենտոն Յենեն և Ագդոն Մենեզեսը: Երեքն էլ իրենց առաջին խաղն անցկացրին եվրագավաթներում:
10. «Պայդեի» հետ հանդիպումն «Արարատ-Արմենիայի» 13-րդ խաղն էր եվրագավաթներում: Անցկացրած խաղերի քանակով (12) թիմի ռեկորդակիրներն են Ֆուրջել Նարսինգն ու Անջելո Մենեզեսը: Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման 11-րդ անգամ մասնակցեցին եվրագավաթային հանդիպմանը:


