Ֆուտբոլը հարուստ մարզաձև է: Չէ՛, նկատի չունեմ այնտեղ շրջանառվող աստղաբաշխական գումարները: Ֆուտբոլը հարուստ է հետաքրքիր, զավեշտալի, գեղեցիկ, բայց նաև տարօրինակ պատմություններով:
VNews-ը ներկայացնում է մարզչական ամենատարօրինակ արգելքները:
Արսեն Վենգերը և շոկոլադե սալիկները

Մեծագույն մարդիկ միշտ էլ տարօրինակ են լինում: Բայց հաճախ լինում են տարօրինակություններ, որոնք անբացատրելի են:
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր թիմի ֆուտբոլիստներին արգելել էր մարզումների ժամանակ շոկոլադե սալիկներ ուտել: Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, սակայն այս ամենի մեջ տարօրինակն այն է, որ մինչև արգելքը ոչ ոք նման պահվածքով աչքի չէր ընկել:
Պեպ Գվարդիոլան և Wi wi-ը

Այս պատմության մեջ տարօրինակ ոչինչ չկա, այն ավելի շատ ուսուցողական է և անգամ պարտադիր: «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց անմիջապես հետո Խոսեպ Գվարդիոլան պահանջել էր անջատել անգլիական ակումբի մարզաբազայի ինտերնետ կապը: Կատալոնացի մասնագետի որոշումը մեկ նպատակ ուներ. Պեպը ցանկանում էր, որպեսզի ֆուտբոլիստներն ավելի շատ շփվեն իրար հետ, այլ ոչ թե մեկուսանան իրենց գաջեթներով:
Ժոզե Մոուրինյուն ընդդեմ պոկեմոնների

Այս դեպքը երևի թե ամենազավեշտալին է: Ժամանակին աշխարհը «վարակված» էր պոկեմոնների որսով: Անգամ քաղաքական գործիչներն էին զբաղվում այդ հոբիով:
Պոկեմոնների ժամանակաշրջանում պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն առաջին քայլը, որ կատարում էր թիմ գլխավորելուց հետո, պոկեմոնամանիան արգելելն էր: «Յուրահատուկը» գտնում էր, որ պոկեմոնները նպատակից շեղում են ֆուտբոլիստներին:
Դանիել Պասարելա. երկար մազերի դեմ պայքարի առաջնորդը

Մունդիալ-1978-ի չեմպիոն, լեգենդար Դանիել Պասարելան նվեր չէր խաղընկերների համար, սակայն լեգենդար արգենտինացին անտանելի էր նաև Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
1998թ․ աշխարհի առաջնությունից առաջ Պասարելան հավաքականի ֆուտբոլիստներին արգելել էր երկար մազերով ներկայանալ նախապատրաստական հավաքին: Մարզիչը հստակ նշել էր, որ երկարամազ տղաները տեղ չեն ունենալու հավաքականում:
«Բոկա Խունիորսի» հանրահայտ հարձակվող, Դիեգո Մարադոնայի լավագույն խաղընկեր Կլաուդիո Կանիջան և Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Ֆերնանդո Ռեդոնդոն հրաժարվում են կատարել «Դիկտատորի» հրամանը և չեն մասնակցում Մունդիալին, իսկ իտալական «Ֆիորենտինայի» ռմբարկու Գաբրիել Բատիստուտան ստիպված փոխում է սանրվածքը:
Ռայմոն Դոմենեկ. Տարօրինակ ֆրանսիացին

Ֆրանսիայի հավաքականի ամենաանփառունակ մարզիչ համարվող Ռայմոն Դոմենեկը հայտնի էր տարօրինակ մարզչական որոշումներով, սակայն համաստեղության նշանի պատճառով ֆուտբոլիստին հավաքական չհրավիրելը դուրս է տրամաբանության սահմաններից:
Բոլոր առումներով տարօրինակ ֆրանսիացի մասնագետը Մունդիալ-2010-ին պատրաստվող Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից Ռոբեր Պիրեսին դուրս թողեց նրա համար, որ նա համաստեղությամբ կարիճ էր: Թե ինչ արեցին եռագույնները Մունդիալի ժամանակ, կարիք չկա հիշեցնելու, սակայն Դոմենեկի որոշումն այդպես էլ անբացատրելի մնաց:


