Logo

ՀՄՖ նախագահ․ Մեր մարմնամարզիկները պարզապես պատմություն են կերտում

Հեղինակ
FastNews
15:20 / 22.08.2022• Մարմնամարզություն
Մարմնամարզության ֆեդերացիա

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաջող ելույթին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։

«Վերջին տարիներին մեր մարզիկները պարզապես պատմություն են կերտում՝ միջազգային բոլոր հեղինակավոր մրցաշարերում (Աշխարհի գավաթ, Եվրոպական օլիմպիական խաղեր, համաշխարհային ուսանողական խաղեր, Եվրոպայի առաջնություն, Աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր) նվաճելով ամենատարբեր հարկի մեդալներ։ Անձամբ ներկա լինելով որոշ միջազգային մրցաշարերի ՝ պարզապես անբացատրելի հիացմունքի և հպարտության ակնթարթներ եմ ապրել ՝ տեսնելով միջազգային ամենատարբեր մրցաշարերում մեր մարզիկների աճող հեղինակությունը։ Վստահեցնում եմ բոլորիդ ՝ հայկական մարմնամարզությունը համաշխարհային մարմնամարզության մեջ ունի մեծ հեղինակություն և վայելում է ոլորտում աշխարհի պրոֆեսիոնալների հարգանքը։

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել թիմի ավագ Հարություն Մերդինյանին, ով 38 տարեկան հասակում էլ մայրցամաքի ամենաուժեղ մարմնամարզիկներից մեկն է համարվում, ում մարզական անցած ճանապարհը պարզապես հպարտանալու է, օրինակելի և ուսուցողական իրեն փոխարինող սերնդի համար։

Ցանկանում եմ ևս մի անչափ կարևոր իրողության մասին խոսել. վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի երիտասարդների առաջնություններից նվաճել է 4 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե), իսկ միայն Մյունխենյան Եվրոպայի առաջնությանը (2022թ.) մեր երիտասարդ մարմնամարզիկները նվաճեցին 3 մեդալ (1 ոսկե և 2 արծաթե)։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մեր պատմություն կերտած մարզիկներին գալիս են փոխարինելու երիտասարդներ, որոնք անպայմանորեն կշարունակեն իրենց մեծ եղբայրների հզոր և փառապանծ ճանապարհը։ 

Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ երախտիքի խոսք հնչեցնել մեր փառապանծ մարզիչներին, տղամարդկանց հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Վանոյանը։

Հիշեցնենք, որ Մյունխենում Հարություն Մերդինյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նժույգ թափեր վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը երկրորդն էր հենացատկում։ 

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանն 8-րդն էր։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս չէր եկել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում ու գրավել 32-րդ տեղը։ Չնայած դրան, Գագիկ Խաչիկյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն էր դարձել Էրիկ Բաղդասարյանը, կրկնակի փոխչեմպիոն՝ 14-ամյա Համլետ Մանուկյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ