Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, գոլ խփելով իսպանական «Բետիսի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, գրանցել է տպավորիչ ցուցանիշներ:
Opta-ի հաղորդմամբ՝ Ռեշֆորդը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում դարձել է 25 գոլի հեղինակ: 25-ամյա հարձակվողը նաև դարձել է անգլիացի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն այդքան գոլ է խփել եվրագավաթներում:
Բացի այդ, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթներում խփած գոլերով շրջանցել է թիմի նախկին ֆուտբոլիստ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, որն աչքի էր ընկել 24 անգամ: Եվրագավաթներում «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն անգլիացի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին է, որն ունի 39 գոլ:
Ռեշֆորդը 25 գոլից 13-ը խփել է Եվրոպա լիգայում, 12-ը՝ Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, իսկ երկխաղյա դիմակայությունում՝ 5-1՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: