Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին գնահատել է ազգային թիմի՝ 2024թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը։
«Չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Կան բազմաթիվ նորեկներ։ Ես շատ եմ ցանկանում և շատ կուրախանամ, որ հավաքականը հաջողության հասնի, բայց նրանց դեռևս շատ ժամանակ է պետք։ Առայժմ հավաքականը աչքի չի ընկնում կայուն ելույթներով»,- Պիզելիի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն։
Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 68 խաղ և խփել 11 գոլ։ Բրազիլացին վերջին անգամ հավաքականի մարզաշապիկը հագել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այդ օրը Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Լիխտենշտայնի հավաքականի հետ։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։


