Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում վերջին խաղն անցկացրեց Բունդեսլիգայում:
Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում, «Բորուսիան» տանը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Բունդեսլիգայից դուրս մնացած «Դարմշտադտի» դարպասը: 34-ամյա Ռոյսը 30-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց նիդերլանդցի պաշտպան Յան Մատսենին, իսկ 8 րոպե անց դարձավ գոլի հեղինակ:
Ռոյսը 81-րդ րոպեին երկրպագուների և ֆուտբոլիստների հոտնկայս ծափահարությունների ներքո փոխարինվեց, թիմակիցները նրա համար միջանցք կազմեցին:
Գերմանացին «Բորուսիայի» գույները պաշտպանում է 2012 թվականից, անցկացրել է 427 խաղ, խփել 169 գոլ և կատարել 130 գոլային փոխանցում: Ռոյսը 20092012 թվականներին խաղացել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Ընդհանուր առմամբ՝ կիսապաշտպանը Գերմանիայի Բունդեսլիգայում մասնակցել է 390 հանդիպման, դարձել 155 գոլի և 117 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոյսը դորտմունդցիների կազմում վերջին խաղը կանցկացնի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ գերմանական գրանդը Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ: