19-ամյա հայ պաշտպան Մարկ Գևորգյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց գերմանական «Հանովեր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավստրիական «Լիֆերինգից» հեռացած ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Հանովերի» երկրորդ թիմում, որը ներկայացնում է երրորդ Բունդեսլիգան: Հետագայում Գևորգյանը կբարձրանա «Հանովերի» գլխավոր թիմ, որն այժմ հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում:
«Ես շատ ոգևորված եմ այս նոր հնարավորությամբ: «Հանովերի» Մ23 թիմը վերջին երկու տարիների ընթացքում ցույց է տվել, որ սա լավ տեղ է զարգանալու համար: Շատ ուրախ եմ, ծանոթացել եմ տղաների հետ, ակտիվորեն կաշխատեմ նրանց հետ խաղադաշտում»,- ասել է հայ ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Գևորգյանն ավստրիական «Զալցբուրգի» դուստր թիմ հանդիսացող «Լիֆերինգում» խաղում էր 2022 թվականի հուլիսից: Ավարտված մրցաշրջանում 14 խաղ էր անցկացրել Ավստրիայի երկրորդ Բունդեսլիգայում, 5 խաղ էլ անցկացրել էր ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հայ ֆուտբոլիստը 5 խաղ է անցկացրել Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: Transfermarkt-ը 200 հազար եվրո է գնահատում Գևորգյանի տրանսֆերային արժեքը։