Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Նոան» շարունակեց հաղթարշավը, իսկ «Արարատ-Արմենիան» հաղթելով «Ուրարտուին», շրջանցեց վերջինիս ու զբաղեցրեց 2-րդ տեղը:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 120 հանդիպումներից 51-ում հաղթել են դաշտի տերերը, 50-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 19 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,2 գոլ): Առաջնության 120 հանդիպումներում գրանցվել է 362 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):
2. «Նոան» ընթացիկ առաջնությունում 15-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 11-րդ անգամ մրցակիցներին պարտության մատնելով խոշոր հաշվով: Առաջնության վերջին 7 հանդիպումներից 6-ում Ռուի Մոտայի գլխավորած թիմը խոշոր հաշվով է հաղթել: Միայն «Շիրակին» է հաջողվել խուսափել խոշոր հաշվից՝ զիջելով 1-2 հաշվով:
Ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրած հոբելյանական՝ 250-րդ խաղը «Նոան» նշանավորեց տարած 111-րդ հաղթանակով: Մնացած հանդիպումներից 51-ում գրանցվել է ոչ-ոքի, 88-ում «Նոան» պարտվել է:
«Նոան» արդյունավետության թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 71-ի: Մինչև ընթացիկ առաջնությունը, Fastex Պրեմիեր լիգայում «Նոան» առավել արդյունավետ էր գործել նախորդ մրցաշրջանում, որում անցկացրած 36 խաղում 69 գոլ էր խփել:
3. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում վերջապես հաղթեց «Ուրարտուին», որին պարտության էր մատնել նաև ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի երկու խաղերում էլ: Առաջնության նախորդ երկու խաղերում հաջողությունն ուղեկցել էր «Ուրարտուին»:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վերջին 5 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ վաստակելով 13 միավոր:
4. «Ուրարտուի» 5 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Նախորդ պարտությունը թիմը կրել էր անցյալ տարվա նոյեմբերի 20-ին «Շիրակից»՝ 1-2: «Արարատ-Արմենիայի» հետ խաղում բաց թողած առաջին գոլը 850-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում:
5. «Արարատը» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 850-րդ խաղում պարտություն կրեց, որն առաջինն էր գարնանային հատվածում: Մինչև այդ արարատցիները 3 խաղում 5 միավոր էին վաստակել: Նախորդ պարտությունն «Արարատը» կրել էր անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Վեստ Արմենիային»:
6. Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Առաջին անգամ նա նման հաջողության էր հասել անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին «Արարատի» հետ մրցավեճում: Նուբիսին 13 գնդակով ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների տասնյակում՝ Արթուր Սերոբյանի և Արմեն Համբարձումյանի հետ բաժանելով 7-9-րդ տեղերը: Ցանկը 37 գնդակով գլխավորում է Տենտոն Յենեն:
Նուբիսին առաջնության վերջին 3 խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Նա ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ կամերունցի ֆուտբոլիստն է: Մինչև վերջերս այդ տիտղոսը պատկանում էր նախկին փյունիկցի Կառլ Լոմբեին, որը 9 գոլ էր խփել:
7. Կարեն Նալբանդյանը («Վան») և Սարգիս Մեթոյանը («Ալաշկերտ») ընթացիկ առաջնությունում իրենց 6-րդ գոլերը խփեցին և հավասարվեցին մինչև այդ հայ ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ գործած ԲԿՄԱ-ի հարձակվող Արայիկ Էլոյանին:
Ընդհանրապես այս տուրում հայ ֆուտբոլիստներն աչքի ընկան արդյունավետ խաղով, որոնց բաժին հասավ խփված 16 գոլերից 8-ը: Գոլերի հեղինակներ դարձան նաև շիրակցիներ Սերյոժա Ուռուշանյանն ու Ռաֆիկ Միսակյանը, Դավիթ Տերտերյանը («Վան»), Հովհաննես Համբարձումյանը («Նոա»), «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներ Մարտին Գրիգորյանը և Վահրամ Մախսուդյանը (ինքնագոլ):
8. Վալերիո Վիմերկատին Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Օգնյեն Չանչարևիչից (187 խաղ), Վսևոլոդ Երմակովից (171), Անատոլի Այվազովից (135) և Ստանիսլավ Բուչնևից (104) հետո Վիմերկատին դարձավ 100 խաղի սահմանը հատած այլազգի 5-րդ դարպասապահը:
9. Շիրակցի Ռոբերտ Դարբինյանն «Արարատի» հետ մրցավեճում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 132-ին նա մասնակցել է «Շիրակի» կազմում:
10. Ալվին Թերան «Արարատ-Արմենիայում» բոլոր մրցաշարերում 126-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ռեկորդակիրն այլազգի ֆուտբոլիստների մեջ: Նա գերազանցեց Մաիլսոն Լիմայի ցուցանիշը՝ 125 խաղ: