Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտին մոտեցող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիամ Մկրտչյանը սևերով 47-րդ քայլին պարտվեց 7 միավորով միանձնյա առաջատար, ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային:
Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց և գործնականում զրկվեց գլխավոր մրցանակին արժանանալու հնարավորությունից: Մարիամն ունի 6 միավոր և արդեն 2 միավոր է զիջում առաջատարին:
Տղամարդկանց մրցաշարում տուրը հաղթական էր Արթուր Դավթյանի համար, որը 54-րդ քայլին սևերով առավելության հասավ պորտուգալացի Խոսե Ֆրանցիսկո Նևեսի նկատմամբ: Դավթյանը վաստակել է 5,5 միավոր: Նա 2 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող հունգարացի Ադամ Կոզակին:
Արմեն Բարսեղյանը սպիտակներով 49-րդ քայլին հաշտություն կնքեց ավստրիացի Դոմինիկ Հորվաթի հետ: Բարսեղյանի հաշվին 5 միավոր է գրանցված:
Հոկտեմբերի 21-ին կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը: