Մեկօրյա հանգստից հետո Պրահայում վերսկսվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 7-րդ տուրում կենտրոնական դիմակայությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեցող Մարիա Գևորգյանը մրցեց միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ:
Սևերով խաղացող Մարիան 50-րդ քայլին հաշտություն կնքեց: Այսպիսով, ընդհատվեց Գևորգյանի 5 անընդմեջ հաղթանակների շարքը: Նա վաստակած 5,5 միավորով 4-րդ տեղում է և հետապնդում է մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորող Մոնիկա Սոչկոյին ու ադրբեջանցի Գունայ Մամազադային: Վերջինս հաղթեց վրացի Նանա Ձագնիձեին, որն առաջին պարտությունը կրեց:
Էլինա Դանիելյանը նախորդ տուրում Մոնիկա Սոչկոյից առաջին պարտությունը կրելուց հետո կրկին հաջող խաղաց՝ սևերով 28-րդ քայլին հաղթելով գերմանացի Ժոզեֆին Հայնեմանին: Դանիելյանը վաստակել է 5 միավոր:
5-ական միավոր ունեն նաև Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար ադրբեջանցի Ուլվիյա Ֆաթալիևայի և ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ:
Տուրն անհաջող էր Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի համար։ Մկրտչյանը պարտվեց վրացի Լելա Ջավախիշվիլուն, իսկ Գաբոյանը՝ լեհ Օլիվիա Կիոլբասային: Մկրտչյանի և Գաբոյանի հաշվին 3,5-ական միավոր է գրանցված:
Օգոստոսի 28-ին կկայանա առաջնության 8-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: