Իսպանական Marca մարզական օրաթերթն այսօր լույս է տեսել Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Չեմպիոնների գավաթի խաղարկության միակ 6-ակի հաղթող Ֆրանսիսկո Խենտոյի հիշատակին նվիրված շապիկով:
Լեգենդար մարզիկը 88 տարեկանում վախճանվել է նախօրեին։ Ֆրանսիսկո «Պակո» Խենտոն «Արքայական ակումբի» բոլոր ժամանակների երկու ամենատիտղոսավոր խաղացողներից մեկն է։ Նա նաև ակումբի պատվավոր նախագահն էր։ Թիմի կազմում 1956-60 և 1966 թվականներին դարձել էր եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների գավաթի հաղթող։ Դա բացառիկ նվաճում է, որն առայժմ որևէ մեկին չի հաջողվել կրկնել։
Խենտոն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալում», որի պատիվը պաշտպանել է 1953-71 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է ակումբի 600 հանդիպման՝ դառնալով 182 գոլի հեղինակ և նվաճելով 23 մրցանակ։ Միայն վերջերս Մարսելոն կրկնեց «Ռեալում» նրա նվաճած տիտղոսների քանակով ռեկորդը։
Անվանի ֆուտբոլիստի նվաճումների ցանկը զարդարում են նաև Իսպանիայի չեմպիոնի 12 ոսկե մեդալները, երկրի գավաթի (2 անգամ), Միջմայրցամաքային գավաթի և Լատինական գավաթի (երկու անգամ) խաղարկություններում տարած հաղթանակները փաստող մրցանակները։
1955-69 թվականներին Ֆրանսիսկո Խենտոն 43 հանդիպման է մասնակցել Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկով, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։
«Ռեալի» երկրպագուները Խենտոյին համարում են ակումբի բոլոր արժեքների մարմնավորում և օրինակելի անձ թիմի բոլոր խաղացողների և, առհասարակ, մարզաշխարհի ներկայացուցիչների համար։