Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը որոշել է փոխել մարզական քաղաքացիությունն ու պաշտպանել Մարոկկոյի հավաքականի մարզական պատիվը, հաղորդում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը:
24-ամյա ֆուտբոլիստի մարզական քաղաքացիությունը փոխելու հարցը լուծման փուլում է, մնացել են որոշ դետալներ:
Բրահիմ Դիասը եղել է Իսպանիայի տարիքային բոլոր հավաքականներում, այդ թվում՝ ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 1 խաղ:
Ըստ կանոնակարգի՝ երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստներն ազգային հավաքականը փոխելու իրավունք ունեն, եթե մինչև 21 տարեկան դառնալը մինչև 3 խաղ են անցկացրել հավաքականում՝ ներառյալ որակավորման մրցաշարերի (բացառությամբ աշխարհի առաջնության) խաղերը:
Մադրիդի «Ռեալին» դուր չի եկել հնարավոր զարգացման այս տարբերակը, քանի որ Մարոկկոյի հավաքականին միանալու դեպքում Բրահիմը, ամենայն հավանականությամբ, կհայտավորվի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: Դա նշանակում է, որ «Ռեալն» ամբողջ հունվարին չի կարողանա օգտվել խաղացողի ծառայություններից: Իսկ դա այն ժամանակահատվածն է, երբ պահեստային խաղացողներն առավել քան անհրաժեշտ են: