Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Մոնրեալի (Կանադա) Գրան պրին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը։ Եռյակը եզրափակել է բրիտանացի Ջորջ Ռասելը գերմանական «Մերսեդեսից»։
Իտալական «Սկուդերիա Ֆերարիի» երկու մրցարշավորդներն էլ` Մոնակոն ներկայացնող Շարլ Լեկլերը և իսպանացի Կառլոս Սայնսը, չեն հատել եզրագիծը` պայքարից դուրս մնալով համապատասխանաբար 40-րդ ու 52-րդ շրջաններին։
Այս հաղթանակից հետո Ֆերստապենը վաստակեց 194 միավոր և շարունակում է գլխավորել ընդհանուր հաշվարկը։ Լեկլերը 138 միավորով աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարում շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ 24-ամյա Նորիսը 131 միավորով բարձրացավ երրորդ տեղ։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում «Ռեդ Բուլը» վաստակեց 301 միավոր և ամրապնդվեց առաջին տեղում։ Ավստրիական թիմին հաջորդում են «Սկուդերիա Ֆերարին» (252) և բրիտանական «Մաքլարենը» (212)։