Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Իսպանիայի Գրան պրին։
Բարսելոնայում կայացած մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը։ Եռյակը եզրափակել է աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գերմանական «Մերսեդեսից»։
Այս հաղթանակից հետո Ֆերստապենը վաստակեց 219 միավոր և շարունակում է գլխավորել ընդհանուր հաշվարկը։ Նորիսը 150 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Լավագույն եռյակը եզրափակում է իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մրցարշավորդ Շարլ Լեկլերը, որն ունի 148 միավոր։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում 330 միավորով առաջատարը «Ռեդ Բուլն» է, որին հաջորդում են «Սկուդերիա Ֆերարին» (270) և բրիտանական «Մաքլարենը» (237)։