Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ավարտված շախմատի Chess Mood Open միջազգային 2-րդ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Մանուել Պետրոսյանը։
Վերջին տուրից առաջ գլխավոր մրցանակին հավակնում էին 7-ական միավորով աղյուսակը գլխավորող Մանուել Պետրոսյանն ու իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան:
Առաջինը մրցախաղն ավարտեց իրանցի շախմատիստը, որն արդեն 13-րդ քայլին հաշտություն կնքեց իր հայրենակից Արաշ Դաղլիի հետ:
Մանուել Պետրոսյանն էլ երկարատև պայքարից հետո սևերով 59-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ ու 7,5 միավորով հավասարվեց Ամիռեզա Փուր Աղա Բալային:
Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցներով, որոնցով հայ գրոսմայստերը գերազանցեց իրանցի շախմատիստին ու դարձավ մրցաշարի հաղթող: Մանուել Պետրոսյանը կպարգևատրվի 2,5 միլիոն դրամով: 700 դոլար էլ նա կստանա Chessify ընկերությունից:
2-րդ տեղը զբաղեցրած Ամիռեզա Փուր Աղա Բալան կպարգևատրվի 1 միլիոն 750 հազար դրամով, 600 դոլար էլ կստանա Chessify ընկերությունից:
Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը վաստակեցին 6,5-ական միավոր: Փաշիկյանը 57-րդ քայլին սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին: Պետրոսյանն էլ սպիտակներով 76-րդ քայլին պարտության մատնեց հնդիկ Վուպալա Պրանեթին:
Լրացուցիչ գործակիցներով Շանթը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նա 750 հազար դրամ պարգևավճար կստանա: 400 դոլարով էլ Շանթը կպարգևատրվի Chessify ընկերության կողմից: 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցրած Պետրոսյանն ու Փաշիկյանը կստանան համապատասխանաբար 500 և 350 հազար դրամ պարգևավճար: