Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ՈւԵՖԱ-ի պահանջները չկատարելու դեպքում հնարավոր է հաջորդ մրցաշրջանում հանդես չգա Եվրոպա լիգայում, հայտնում է The Telegraph-ը:
Մանկունյական ակումբի համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը և նրան պատկանող Ineos ընկերությունը մինչև հունիսի 3-ը պետք է համոզեն ՈւԵՖԱ-ին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նիսը» կարող են միաժամանակ հանդես գալ Եվրոպա լիգայում:
Սակայն Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր կառույցի կանոնադրությունն արգելում է, որպեսզի ցանկացած անհատ կամ կազմակերպություն որոշիչ ազդեցություն ունենա մեկից ավելի ակումբի վրա:
Եթե անգլիական գրանդի փաստաբանները չկարողանան լուծում գտնել, ապա «Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում ստիպված կլինի խաղալ Կոնֆերենցիաների լիգայում, քանի որ ներքին առաջնությունում ավելի ցածր տեղ է գրավել, քան «Նիսը»:
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը, իսկ «Նիսը» Ֆրանսիայի առաջնությունն ավարտել էր 5-րդ տեղում:


