Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի նախավերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին» և վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով:
19-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ երեք րոպե անց նրա փոխանցումից հետո տանտերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ խաղի վերջակետը դրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը, որին գոլային փոխանցում կատարեց նրա հայրենակից Կազեմիրոն:
2017 թվականից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» 6 անընդմեջ հաղթանակ տարավ տնային խաղերում։
Մանչեսթերյան ակումբը 15 խաղից հետո 29 միավորով 5-րդ տեղում է և մեկ միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող Լոնդոնի «Տոտենհեմին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 16 խաղից հետո 13 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3-0
Մարկուս Ռեշֆորդ, 19, Անտոնի Մարսիալ, 22, Ֆրեդ, 87


