Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։ VNews-ը ներկայացնում է հանդիպման անոնսը։
«Ասթոն Վիլայի» հետ խաղում սայթաքելուց և Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Արսենալն» առայժմ չի սխալվում:
Միկել Արտետայի թիմը 4 անընդմեջ վստահ հաղթանակ տարավ, ընդ որում, այդ խաղերում խփեց 13 գոլ և բաց թողեց ընդամենը 2-ը: Եզրագծին մոտ մնացել է 2 հանդիպում, 2 եզրափակիչ, սակայն ամեն ինչ չէ, որ լոնդոնցիների ձեռքում է:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» կորցրած միավորներով առաջատար է, բայց այս հանգամանքը չպետք է տխրեցնի «Զինագործներին»:
Ընթացիկ մրցաշրջանում Արտետան և տղաները հոգեբանորեն ավելի լավ են պատրաստված: Հզոր առաջին խաղակես անցկացնելն արդեն վաղուց այս կոլեկտիվի բնորոշ գիծն է դարձել:
«Արսենալն» ինտրիգը սպանում է հենց առաջին 45 րոպեի ընթացքում, իսկ հետո հանգիստ վերահսկում է խաղի ընթացքը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գահավիժումը շարունակվում է: «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումը վառ օրինակ էր, թե ինչ է կատարվում երբեմնի լեգենդար ակումբում:
Էրիկ տեն Հագը կորցրել է հանդերձարանի կառավարումը, ֆուտբոլիստներից շատերը լուրջ չեն ընդունում մարզչին: Կադրային սարսափելի վիճակն էլ ավելի է խորացնում ճգնաժամը: Նախորդ 5 խաղում «Կարմիր սատանաները» 11 գոլ են բաց թողել: Նման անօգնական «Յունայթեդ» վերջին 20 տարում դժվար է հիշել:
Առջևի գծում կատարյալ քաոս է, այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլիստները նոր են հավաքվել, բացակայում է խաղային համագործակցությունը, քիմիան:
Միջին գծում գոնե ինչ-որ բան փորձում է անել Բրունու Ֆերնանդեշը, բայց մենք տեսանք, թե նույն «Փելասի» հետ մրցավեճում առանց պորտուգալացու ինչի էր վերածվել միջին գիծը:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա այստեղ զբոսայգի է, մանկունյացիները վաղուց բաց դռների օր են հայտարարել, իսկ մրցակիցները հաճույքով օգտվում են դրանից:
Զույգի ակնհայտ ֆավորիտն «Արսենալն» է: Կայ Հավերցը, Բուկայո Սական և Լեանդրո Տրոսարը փայլուն մարզավիճակ են հավաքել և թիմակիցներին տանում են իրենց հետևից:
Լոնդոնյան գրանդը գերմոտիվացված է, այո՛, «Յունայթեդը» խաղալու է «Օլդ Թրաֆորդում», միգուցե սա ազդի ֆուտբոլիստների ինքնասիրության վրա, բայց բարոյահոգեբանական ծանր վիճակը թույլ չի տալիս ենթադրություններ անել:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի մայիսի 12-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին: