Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, որը շաբաթական վաստակում է 400 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականի առաջատար Հոլանդը 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս անգլիական գրանդում: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսի 1-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 16 խաղի, դարձել 15 գոլի հեղինակ: