Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Հունաստանում կայացած տիտղոսային խաղում Անգլիայի չեմպիոնը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր իսպանական «Սևիլիային»։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Սևիլիայի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը (տեսանյութ)։ Մանչեսթերյան ակումբի կազմում հաշիվը 63-րդ րոպեին հավասարեցրեց 21-ամյա անգլիացի կիսապաշտպան Կոուլ Պալմերը (տեսանյութ)։
Հիմնական ժամանակի ավարտից հետո նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ֆուտբոլիստները՝ 5-4 (տեսանյութ)։ «Մանչեսթեր Սիթին» դիպուկ իրացրեց բոլոր՝ 5 հարվածները, իսկ իսպանական ակումբից վերջին հարվածը ձախողեց սերբ կիսապաշտպան Նեմանիա Գուդելը։
Խոսեպ Գվարդիոլան պատմության մեջ առաջին մարզիչն է, որը երեք ակումբների հետ դառնում է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 52-ամյա իսպանացի մասնագետը նման հաջողության հասել էր նաև կատալոնական «Բարսելոնայի» (2009, 2011) ու Մյունխենի «Բավարիայի» (2013) հետ։
«Սևիլիան» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճել է մեկ անգամ՝ 2006 թվականին։ Իսպանական ակումբը 6-րդ անգամ պարտվեց այս մրցաշարի եզրափակիչում (նախորդ պարտությունները՝ 2007, 2014, 2015, 2016, 2020թթ․)։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ
«Մանչեսթեր Սիթի» - «Սևիլիա»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-4)
Կոուլ Պալմեր, 63 – Յուսեֆ Էն Նեսիրի, 25


