Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց ֆրանսիական «Ռենի» բելգիացի վինգեր Ժերեմի Դոկուի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Քաղաքայինների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։ «Մանչեսթեր Սիթին» 60 միլիոն եվրո է վճարել բելգիացու համար։ Դոկուն դարձավ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի երրորդ տրանսֆերն այս ամռանը։ Ավելի վաղ Անգլիայի չեմպիոնի կազմը համալրել էին նաև Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչն ու պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
««Սիթին» աշխարհի լավագույն ակումբն է։ Այնպես որ, այս տղաներին միանալը շատ առանձնահատուկ է իմ և ընտանիքիս համար։ Անցած մրցաշրջանում նրանց խաղը պարզապես ապշեցուցիչ էր։ Չեմ կարող բառերով ասել, թե որքան ոգևորված եմ»,- Դոկուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ժերեմի Դոկուն 2020 թվականից էր հանդես գալիս «Ռենում»։