Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Արսենալը» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2-2 հաշիվը։
Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվն ու առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին»։
15-րդ րոպեին իր թիմի առավելությունը կարող էր կրկնապատկել Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, սակայն նրա` տուգանայինից կատարած հարվածից հետո «Արսենալին» գոլից փրկեց դարպասաձողը։
22-րդ րոպեին «Զինագործների» նորեկ, իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին շքեղ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բրազիլացի պաշտպան Գաբրիելը լուսատախտակին վառեց 2-1 հաշիվը, իսկ «Արսենալը» հայտնվեց հաղթողի կարգավիճակում։
Նախքան ընդմիջում` ավելացված 8-րդ րոպեին, Միկել Արտետայի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» ուներ խաղային հսկայական առավելություն, գնդակին տիրում էր ժամանակի 88 տոկոսին, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 26 հարված և մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից։
90+8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը։
«Մանչեսթեր Սիթին» 13 միավորով Անգլիայի առաջնության առաջատարն է, «Արսենալը» ունի 11 միավոր և չորրորդ տեղում է։
Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»` 2-2
Էրլինգ Հոլանդ, 9, Ջոն Սթոունզ, 90+8 - Ռիկարդո Կալաֆիորի, 22, Գաբրիել, 45+1
Հեռացում` Լեանդրո Տրոսարդ, 45+8 («Արսենալ»)