«Մի անհանգստացիր, որովհետև ամեն ինչ կարգին կլինի»:
Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց Բոբ Մարլիի «Three Little Birds» երգի բառերը Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Չելսիի» ֆուտբոլիստներին օգնեցին «քամբեք» ձևակերպել «Քրիսթալ Փելասի» հետ խաղում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը հետաձգվեց տեխնիկական պատճառով, իսկ կապույտների երկրպագուները որսացին ստեղծագործության կրկներգը և վարակեցին սիրելի թիմի խաղացողներին: Ավելի լավ մոտիվացիա դժվար էր պատկերացնել:
Հաղթանակից հետո երբեմնի գրանդը վերադարձավ լավագույն տասնյակ և ընդամենը 2 միավոր է հետ 7-րդ տեղից:
«Քրիսթալ Փելասի», «Լութոնի» և «Ֆուլհեմի նկատմամբ հաղթանակները չուրախացրին երկրպագուներին, որովհետև «Լիվերպուլի» և «Վուլվզի» հետ մրցավեճերում «Չելսին» ոչ միայն ֆիասկո կրեց, այլ նաև 8 գոլ բաց թողեց:
Տեդ Բոուլիի ակումբը դեռ չի առողջացել, ավելին, վնասվածքը գնալով խորանում է: Մաուրիսիո Պոչետինոն էլ առայժմ դեղատոմս չի գտնում:

Պոչը գիտակցում է, որ երկրպագուները չեն սիրում իրեն. «Ինչու պետք է սիրեն»,- ասում է արգենտինացի մասնագետը:
Եվ իրոք, Պոչետինոն Գվարդիոլա և Կլոպ չէ: Այս երկու մարզիչները ժամանակին վերակառուցեցին «Սիթին» և «Լիվերպուլը», իսկ Մաուրիսիոն ամեն անհաջող խաղից հետո տողատակով ժամանակ է խնդրում «Չելսիի» սեփականատերերից:
Մնացել է վերջին միջոցը: Լոնդոնում շատերն արդեն հուշում են փոխել դասավորությունն ու անցնել 3 պաշտպանով խաղին: Այդ սխեման հաջող էր աշխատում և՛ Անտոնիո Կոնտեի, և՛ Թոմաս Տուխելի ժամանակ:
Այս «Չելսիում» կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ նման համակարգում: Նման համակարգում Մոյզես Կայսեդոն և Էնցո Ֆերնանդեսն ապահով թիկունք կունենան: Ինչ վերաբերում է առջևի գծին, Պոչետինոն պետք է մտածի:
Վերջին շրջանում բավականին լավ տեսք ունեն Քոնոր Գալահերն ու Քոլ Պալմերը: Այս երկու տղաները թիմի լուսավոր կետերն են:
Գվարդիոլայի դպրոցն անցած Փալմերն իսկական առաջատար է դարձել և իր հետևից է տանում խաղընկերներին: Հենց նա «Փելասի» հետ խաղում երկու ասիստ կատարեց:
21-ամյա կիսապաշտպանը նախորդ 7 խաղում 5 գոլ է խփել և 4 ասիստ է կատարել: Փալմերն ակնհայտ լավ մարզավիճակում է, իսկ նախկին թիմի դեմ մրցելը ադրենալինի մեծ չափաբաժին կապահովի նրա համար:
«Չելսին» սովորաբար դժվարություններ է ունենում մրցակիցների պաշտպանությունը ճեղքելիս: Կապույտներն անընդհատ օգտագործում են Բեն Չիլվելին և Մալո Գյուստոյին: Կայսեդոն հաճախ սուզվում է թիկունք և հավասարվում պաշտպաններին: Այս հնարքը Պոչետինոն կիրառում է, որպեսզի Մոյզեսն իր հետ տանի մրցակցի կիսապաշտպաններից մեկին և ճանապարհ բացի գնդակի խաղարկման համար: Բայց այս ամենի ընթացքում լոնդոնցիները ոչ հղկված և ներդաշնակ խաղի պատճառով շատ սուր հակագրոհներ են բաց թողնում:
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ կլինի «Սիթիի» հետ խաղում:
Չեմպիոնը, ինչպես միշտ, երկրորդ շնչառությունը բացում է մրցաշրջանի երկրորդ հատվածում: «Սիթին» շքեղ է, «Սիթին» չի նկատում ոչ մեկին, անկախ կարգից:
Մանչեսթերյան գրանդի համար վաղուց սովորական է դարձել խիտ ու ծանր գրաֆիկով խաղալը:
Նախորդ տուրում «Էվերթոնը» մի փոքր տանջեց Խոսեպ Գվարդիոլայի թիմին, բայց ավելին անել չկարողացավ: Էրլինգ Հոլանդը 77 օր տևած գոլային երաշտից հետո վերջապես կրակեց: Նորվեգացի գոլահարը 12 րոպեում դուբլ գրանցեց: Պրեմիեր լիգայում 50 հանդիպում մեկնարկային կազմում և 51 գոլ: Էրլինգը չի հոգնում:

Փայլուն մարզավիճակում է Ֆիլ Ֆոդենը, շարունակում է արվեստի նմուշներ ստեղծել Կևին դե Բրույնեն:
Ի տարբերություն մրցակցի, «Չելսին» ավելի շատ է հանգստացել, «Քաղաքաբնակները» շաբաթվա ընթացքում հանդիպում են անցկացրել Չեմպիոնների լիգայում, բայց դա խնդիր չէ «Սիթիի» համար:
Պրեմիեր լիգայի նախորդ 3 տուրում չեմպիոնը 9 գոլ է խփել, բայց պատրաստ է շարունակել հրավառությունը:
Պոչետինոյին ժամանակ շահելու համար ծանրակշիռ հաղթանակներ են անհրաժեշտ, սակայն խնդիրն առավել քան բարդ է:
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» Անգլիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին և Երևանի ժամանակով 21:30-ից կլինի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:


