«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին մինչև հետագա ծանուցումը չի կարողանա վերադառնալ թիմի մարզումներին, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդն» ի գիտություն է ընդունում Անտոնիի հասցեին հնչեցված մեղադրանքները: Այն ֆուտբոլիստները, որոնք չեն միացել հավաքականներին, երկուշաբթի կվերադառնան մարզումներին: Այնուամենայնիվ, Անտոնիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ նրա վերադարձը մարզումներին կհետաձգվի մինչև հետագա ծանուցումը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինը հաղորդում էր տվել ոստիկանությունում, որ 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Անտոնին պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, նույնիսկ բաժակ է նետել իր ուղղությամբ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ստացած տեսագրությունների, լուսանկարների և հաղորդագրությունների հիման վրա:
Միջադեպից հետո ֆուտբոլիստը հեռացվել էր Բրազիլիայի հավաքականից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ մինչև լրացուցիչ տեղեկություններն այս թեմայով այլ հայտարարություն չէր անելու: