«Մերիդիան» էքսպո կենտրոնում ավարտին է մոտենում շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարը: Վերջին տուրից առաջ գլխավոր մրցանակի համար պայքարը հասել է գագաթնակետին:
Նախավերջին՝ 8-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի հետ: Երկուսն էլ վաստակեցին 6 միավոր: Իսկ ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը, հաղթելով հնդիկ Գուպտա Սանկալփին, 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Բացի Ղարիբյանից ու Գոգանովից, ևս 5 շախմատիստներ 6-ական միավորով հետապնդում են առաջատարին:
Հայ շախմատիստներից Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 5,5-ական միավոր: Բաբուջյանի և Հայրապետյանի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի, Սահակյանն էլ հաշտություն կնքեց իրանցի Արման Հակեմիի հետ:
Հոկտեմբերի 18-ին կկայանա մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը: Մամիկոն Ղարիբյանը սևերով կմրցի 6 միավոր ունեցող վրացի Միխեիլ Մչեդլիշվիլու հետ: Մրցաշարի առաջատար Սերգեյ Լոբանովի մրցակիցը կլինի սպիտակներով խաղացող իր հայրենակից Կլեմենտի Սիչովը:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 2,6 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ, դրամական մրցանակների կարժանանան լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստներ: