Իսպանական «Վալենսիայի» ու Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին մեկնաբանել է Մյունխենի «Բավարիա» հավանական տեղափոխության մասին լուրը.
««Բավարիայում» դեռ հանդես է գալիս աշխարհի լավագույն դարպասապահը, ուստի այնտեղ տեղափոխվելն այժմ անհնար է։ «Բավարիա» կտեղափոխվեմ միայն այն դեպքում, երբ վստահ լինեմ, որ լինելու եմ հիմնական դարպասապահը։ Եթե չեմ խաղալու, իմաստ չկա գնալ նման քայլի»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` 23-ամյա Մամարդաշվիլին նախորդ տարվա ամռանը շատ մոտ էր գերմանական գրանդի կազմը համալրելուն, սակայն գործարքը չկայացավ։ Այդ ժամանակ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռ ապաքինվում էր ոտքի ծանր վնասվածքից։
Մամարդաշվիլին 2021 թ. հուլիսից է հանդես գալիս «Վալենսիայում» և 100 խաղում դարպասը 31 անգամ պահել է անառիկ։ Վրացին իսպանական ակումբի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։


