Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ Հիլյալ» և «Ալ Իթիֆակ» ակումբները հայտարարել են նոր տրանսֆերների մասին:
«Ալ Հիլյալի» կազմը համալրել է բրազիլացի եզրային հարձակվող Մալկոմը, որի տրանսֆերի համար արաբական ակումբը 60 միլիոն եվրո է վճարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Մալկոմը 2019 թվականի օգոստոսից էր խաղում Ռուսաստանի չեմպիոնի կազմում: Նախկինում նա պաշտպանել էր նաև կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական «Բորդոյի» և բրազիլական «Կորինտիանսի» գույները:
Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակի» կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելե: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Դեմբելեն 2021 թվականի հունիսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր ֆրանսիական «Լիոնում»: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սանը նախկինում պաշտպանել էր նաև Մադրիդի «Աթլետիկոյի», շոտլանդական «Սելթիկի» և անգլիական «Ֆուլհեմի» մարզական պատիվը:


