Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն:
Եզրափակիչում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 10-1 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ ճապոնացի Նաո Կուսակայի հետ պայքարում: Եվրոպայի քառակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց Օլիմպիական գործող չեմպիոնին:
Ամոյանն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին:
26-ամյա ըմբիշը Զագրեբում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին, 1/8 եզրափակիչում նա 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակ էր տարել լեհ Մատեուշ Բերնատեի դեմ գոտեմարտում, իսկ քառորդ եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր թուրք Ահմետ Յիլմազին: Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Ալիռեզա Մորադ Աբդևալիին:
Կարդացեք նաև՝
- «Գերազանց ելույթ». UWW-ն` Ամոյանի չեմպիոնության մասին
- Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի և պարգևատրման արարողության տեսանյութը
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


