Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, այս տարվա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021թ. աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի փոխչեմպիոն, 2020-ի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանը տպավորիչ վերջակետ դրեց ընթացիկ մրցաշրջանին։ 23-ամյա ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում, որում տարավ 5 հաղթանակ։ Ամոյանը մրցավայրից այդ հաջողության մասին որոշ մանրամասներ է ներկայացրել VNews-ին։
- Ի՞նչ զգացումներ ունեք այս հաղթանակի կապակցությամբ։
- Հույզերս դժվար է փոխանցել խոսքերով։ Շատ ուրախ եմ այս առաջնությունում հաղթելու և մեր բոլոր հայրենակիցներին հաճելի պահեր պարգևելու համար։
- Այս տարի դարձել եք նաև Եվրոպայի չեմպիոն։ Համադրելի՞ են երկու հաղթանակների հետ կապված ապրումները։
- Անշուշտ, Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ավելի մեծ էմոցիաներ էր առաջացրել։ Այն հաղթանակն ավելի արժեքավոր էր, քանի որ նվաճել էի մեծահասակների պայքարում։ Սակայն, յուրաքանչյուր մեդալ ուրույն նշանակություն և արժեք ունի ինձ համար։
- Իսպանիայում անցկացրած գոտեմարտերից ո՞րը կառանձնացնեք։
- Ճիշտն ասած, չէի ցանկանա որևէ մեկն առանձնացնել։ Բոլոր հաղթանակներն էլ շատ բարդ տրվեցին, յուրաքանչյուրը յուրովի դժվար էր։
- Մրցակիցնե՞րն էին ուժեղ, թե՞ այլ պատճառ կար։
- Աշխարհի առաջնությունում, հավանաբար, թույլ մրցակիցներ չեն լինում։ Պարզապես ինքս էլ անհրաժեշտ մարզավիճակում չէի։ Սակայն, անկախ ամեն ինչից, մասնակցում էի հաղթելու մղումով։ Ու արդեն էական չէր, թե ինչպիսին էր լինելու հաղթանակը։
- Այնուհանդերձ, բավականին վստահ հաղթեցիք եզրափակիչ գոտեմարտում։ Ի՞նչ կասեք վճռական հանդիպման մասին։
- Մտածել էի, մարզիչների հետ խորհրդակցել, թե ինչպես եմ գոտեմարտելու, ու կարողացա ճշգրտորեն կյանքի կոչել մտածածը։
- Ունեցա՞ք սկզբունքային գոտեմարտ՝ մրցակից, որին նախկինում պարտվել էիք, իսկ հիմա հաղթեցիք։
- Այս առաջնությունում նման մրցակիցներ չունեցա։
- Սա ընթացիկ մրցաշրջանի վերջի՞ն ակորդն էր։
- Այո, սկսելու եմ պատրաստվել հաջորդ տարվա մրցումներին։
- Ի՞նչ ծրագրեր, նպատակներ և երազանքներ ունեք հաջորդ մրցաշրջանում։
- Նպատակս է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ աջակցության, թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին կողքիս լինելու համար։