UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մտածում է միայն գոտին պաշտպանելու, ոչ թե ռեկորդներ գերազանցելու մասին, ասել է ինքը՝ մարզիկը, SHAK MMA յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
«Թիմի ներսում մենք երբեք չենք քննարկում որևէ ռեկորդ կամ այլ անհեթեթություն: Ինձ համար դա նշանակություն չունի. իմ միակ ցանկությունը գոտիս պահելն է։ Բայց ամենակարևոր ռեկորդը պատկանում է Խաբիբին` 29 մենամարտ և նույնքան հաղթանակ: Եվ ես երբեք չեմ կարողանա գերազանցել այս անհավանական արդյունքը, քանի որ ունեմ մեկ պարտություն»,- ասել է Մախաչևը:
Թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, կարիերան ավարտած դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը գոտին պաշտպանել է երեք անգամ: Նրա թիմակից Մախաչևը ևս երեք պաշտպանություն ունի: Եթե հունվարի 19-ին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում Մախչևը հաղթի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանին, ապա կգերազանցի Խաբիբի ցուցանիշը: