UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է, թե երբ ռուսաստանցին կավարտի մարզական կարիերան:
«Նա հավանաբար կանի այն, ինչ արեց Խաբիբը` մարզական կարիերան ավարտելով 35 տարեկանում։ Դե, Խաբիբը դա շատ ավելի վաղ է արել, բայց ես կարծում եմ, որ 35-ն այս տղաների համար կախարդական թիվ է: Նրանք իրենց գլխում պահում են, որ 35-ը ավարտի կետն է: Ոմանք փոխվում են, բայց Իսլամն արդեն ֆինանսապես ապահովված է, նա շատ լավ է տնօրինում իր գումարները, ուստի կարծում եմ, որ 35 տարեկանում հավանաբար կավարտի կարիերան»,- ասել է ամերիկացին Submission Radio-ին:
Հիշեցնենք, որ 33-ամյա դաղստանցին 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում տիտղոսի պաշտպանության մենամարտում օկտագոնում կմրցի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի դեմ:
2019 թվականին հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում: