Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է, հաղորդում է The Sun-ը:
21-ամյա անգլիացին, որը կասկածվում է բռնաբարության մեջ, խախտել է գրավով պայմանական ազատ արձակման կարգը: Ֆուտբոլիստը կասկածվում է ենթադրյալ տուժողի հետ կապ հաստատելու փորձի մեջ, ինչը համարվում է օրենքի խախտում: Իրավապահ մարմինները հարցաքննում են Գրինվուդին:
«Մանչեսթերի ոստիկանությանը 2022 թվականի հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել 21-ամյա տղամարդու կողմից պայմանական ազատ արձակման կարգը խախտելու դեպք, որից հետո նա ձերբակալվել է: Այս պահին ընթանում է հետաքննություն»,- հայտնել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Գրինվուդը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերուհին սոցիալական ցանցերում արնաշաղախ լուսանկար էր հրապարակել՝ հայտարարելով, որ ենթարկվել է բռնության: Ֆուտբոլիստին կասկածում են բռնաբարության, ծեծի ենթարկելու, սեռական ոտնձգության և մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ:
Փետրվարի սկզբին Գրինվուդին գրավով ազատ էին արձակել, իսկ հունիսին մեկ տարով երկարաձգել էին այդ ժամկետը: