Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Մաիլսոն Լիման աչքի է ընկնում բավական բարձր արդյունավետությամբ: 14-րդ տուրում նրա խփած միակ գոլն «Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց «Նոայի» հետ մրցավեճում:
Դա Մաիլսոն Լիմայի 12-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում և 25-րդը՝ VBET ՀՊԼ-ում, ինչը նրան հնարավորություն ընձեռեց Յուսուֆ Օտուբանջոյի հետ դառնալու Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (33) Լիման վաղուց էր կրում թիմի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը:
27-ամյա Մաիլսոն Լիմայի ներկայիս ցուցանիշը լավագույնն է այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների շրջանում: Նա գերազանցեց «Արարատի» նախկին հարձակվող Ալեքսանդր Ռակիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 2014թ. 27 տարեկանում առաջնության հանդիպումներում 11 գոլ էր խփել: Մինչև տարեվերջ դեռ 3 տուր պետք է անցկացվի, այնպես որ Լիման հնարավորություն ունի բարելավելու իր ռեկորդային ցուցանիշը:
Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիայում» հայտնվեց 2018/19թթ. առաջնության գարնանային հատվածում՝ նորամուտը նշելով 2019թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Արարատցիների հետ կայացած հաջորդ խաղում՝ ապրիլի 26-ին նա բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում: Դա Մաիլսոնի խփած միակ գոլն էր առաջնության 15 հանդիպումներում:
Հաջորդ մրցաշրջանում նա արդեն լիովին դրսևորեց իր ռմբարկուական հատկանիշները՝ առաջնության 26 հանդիպումներում խփած 8 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու:
2020/21թթ. առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում խփելով 4 գնդակ, Մաիլսոն Լիման հեռացավ թիմից՝ ելույթները շարունակելով Արաբական Միացյալ Էմիրությունների «Դիբբա Ալ-Հիսն» թիմում, իսկ ամռանը կրկին վերադարձավ իր համար արդեն հարազատ դարձած «Արարատ-Արմենիա»:
Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում լեգեոնականներից միայն Մաիլսոն Լիման չէ, որ աչքի է ընկնում արդյունավետությամբ: Ուստի պատահական չէ, որ բացի նրանից, ևս 4 ֆուտբոլիստներ օրացուցային այս տարում արդյունավետության տարիքային նոր ռեկորդներ են սահմանել լեգեոնականների շրջանում:
19-ամյա արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեն գերազանցել է «Փյունիկի» նախկին լեգեոնական Մամադու Դիավարայի ցուցանիշը, որը 2001թ. այդ տարիքում 5 գոլի հեղինակ էր դարձել: Նշենք, որ 2021թ. առաջնության հանդիպումներում խփած 7 գոլերից մեկը Սիլուեի հաշվին գրանցվել է նախորդ առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» կազմում խաղալիս:
«Արարատի» մեկ այլ լեգեոնական՝ 32-ամյա Սերժ Դեբլեն վերջերս գերազանցեց «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Գեորգի Կրասովսկու ռեկորդային ցուցանիշը, որը 2011թ. այդ տարիքում 8 գոլ էր խփել:
Տարիքայինն ռեկորդի հեղինակ է դարձել նաև 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն՝ գերազանցելով «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի ցուցանիշը (11 գոլ 2010թ.): Խփած 15 գոլերից 7-ը Օտուբանջոյի հաշվին է գրանցվել նախորդ առաջնության գարնանային հատվածում:
«Սևանի» 31-ամյա ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն էլ գերազանցել էր Կախա Գոգոլաձեի, Անդրեյ Բուլանովի և Իվան Ռիստիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք 7-ական գոլ էին խփել: Մենսալաոն իր 8 գոլերից 2-ը խփել է «Լոռիում» նախորդ առաջնության գարնանային հատվածում, 6 անգամ էլ աչքի է ընկել «Սևանում» ընթացիկ առաջնությունում:
VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով լեգեոնականների տարիքային ռեկորդների հեղինակներին:
Տարիք | Ֆուտբոլիստ | Ակումբ | Գոլ | Թվական |
16 | Նդումբուկ Բալեպ Բա | «Փյունիկ» | 1 | 2003 |
17 | Կառլ Լոմբե | «Փյունիկ» | 6 | 2003 |
18 | Էլուկվու Էզուկամ | «Արարատ» | 5 | 2002 |
19 | Դոնիմանի Յակուբա Սիլուե | «Շիրակ», «Արարատ» | 7 | 2021 |
20 | Բոտի Դեմել | «Միկա» | 14 | 2009 |
21 | Բոտի Դեմել
Ջոնել Դեսիրե |
«Միկա»
«Լոռի» |
8
8 |
2010
2018 |
22 | Ջոնել Դեսիրե | «Լոռի» | 19 | 2019 |
23 | Մարկոս Պիզելի | «Արարատ» | 22 | 2007 |
24 | Մարկոս Պիզելի | «Արարատ» | 17 | 2008 |
25 | Սեսար Ռոմերո | «Փյունիկ» | 17 | 2014 |
26 | Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 16 | 2010 |
27 | Մաիլսոն Լիմա | «Արարատ-Արմենիա» | 12 | 2021 |
28 | Յուսուֆ Օտուբանջո | «Արարատ-Արմենիա» | 10 | 2020 |
29 | Յուսուֆ Օտուբանջո | «Արարատ-Արմենիա» | 15 | 2021 |
30 | Անդրեյ Բուլանով | «Միկա» | 12 | 2001 |
31 | Անդրե Մենսալաո | «Լոռի», «Սևան» | 8 | 2021 |
32 | Սերժ Դեբլե | «Արարատ» | 10 | 2021 |
33 | Անտոն Կոբյալկո | «Արարատ-Արմենիա» | 16 | 2019 |
34 | Վիրգին Մարշավելա | «Գանձասար» | 3 | 2008 |
35 | Վիրգին Մարշավելա | «Գանձասար» | 3 | 2009 |
37 | Վիրգին Մարշավելա | «Գանձասար» | 2 | 2011 |