Ժամանակակից ֆուտբոլում շատ են արտահայտությունները, որոնք գեղեցկացնում մեր սիրած խաղի լեքսիկոնը: Այդ արտահայտություններն օգտագործելը նորաձև է դարձել, շատերը, դրանք միտումնավոր կիրառելով, հաճախ փորձում են ցույց տալ իրենց գիտելիքները, մյուսները պարզապես հաճույք են ստանում գեղեցիկ խոսելիս:
Աշխարհի ոչ մի լիգա այնպիսի հարուստ բառապաշար չունի, որքան Իտալիայի Ա սերիան: Իտալացիները շատ են սիրում ֆուտբոլը, ավելին, նրանք ապրում են ֆուտբոլով և պատահական չէ, որ սեփական բառարանն են հնարել: Այդ բառերն ու արտահայտություններն այնքան գեղեցիկ ու ռոմանտիկ են, որ վարակել են ամբողջ աշխարհը:
Բայց շատերը չգիտեն, թե ինչ ծագում ունեն այդ բառերը և ինչպես են ծնվել:
VNews-ը ներկայացնում է Իտալիայում ծնված և լայն տարածում գտած ֆուտբոլային տերմինները:
CALCIO - Ֆուտբոլ
Այսպես են կոչում ֆուտբոլն Իտալիայում: «CALCIO» թարգմանաբար նշանակում է տշել: «CALCIO»-ն իտալացիների կենցաղի մի մասն է: Դրա մասին խոսում են առավոտյան սուրճի շուրջ, փողոցներում, բակերում, խանութներում և սրճարաններում: Իտալացիները չեն վերցրել միջազգային տերմինը, ինչպես աշխարհի մնացած ժողովուրդները, նրանք ֆուտբոլը հասկանում և կոչում են իրենց ձևով:
SCUDETTO - Չեմպիոնական տիտղոսն Ա սերիայում
«SCUDETTO» բառի արմատը SCUDO-ն է, որը նշանակում է վահան: Չեմպիոնության խորհրդանիշը հայտնագործել է իտալացի հանրահայտ պոետ Գաբրիելե Դանունցիոն, որը ֆուտբոլի մոլի երկրպագու էր և երիտասարդ տարիներին նույնիսկ փորձել էր ֆուտբոլային կարիերա սկսել «Պեսկարա» ակումբում:
1920-ականներին Իտալիայի չեմպիոնի համազգեստի վրա կարում էին իտալական եռագույնով վահանը: Այս ավանդույթն առաջին անգամ շրջանառության մեջ մտցրեցին «Ջենոայի» ֆուտբոլիստները:
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում «Ջենոան» հեգեմոնիա էր հաստատել Իտալիայում: Հերթական չեմպիոնությունից հետո «Ռոսոբլուն» որոշեց Լիգուրիայի զինանշանով վահանը պատկերել համազգեստի վրա: Մեկ տարի անց նույն «հնարքը» կրկնեց «Յուվենտուսը», սակայն վահանին արդեն փայլում էր Պյեմոնտի դրոշը: Մտահղացումն այնքան դուր եկավ իտալացիներին, որ դարձավ ավանդույթ, իսկ չեմպիոնական տիտղոսը կոչվեց «SCUDETTO»:
Ի դեպ, չեմպիոնական աստղերի հայրենիքը նույնպես Իտալիան է: Երբ 1958-ին «Յուվենտուսը» 10-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, Սկուդետոյի վերևում ավելացրեց փոքրիկ ոսկե աստղ:
Հետագայում այդ խորհրդանիշը լայն տարածում ստացավ ամբողջ Եվրոպայում և կիրառվեց անգամ տարբեր մարզաձևերում:
CURVA - Երկրպագուների ուլտրաս թևը
«CURVA» թարգմանաբար նշանակում է թեք, թեքություն: Իտալիայի ստադիոնների մեծ մասը կառուցվել է 1930-ականներին՝ «Մարզական հեղափոխության» ժամանակաշրջանում:
Գրեթե բոլոր ստադիոնների մոդելներն օվալաձև էին, իսկ ամենաակտիվ երկրպագուների համար ակումբները տեղ էին հատկացնում կուսակցական նոմենկլատուրայի և VIP հյուրերի տրիբունաներից հեռու՝ անկյունային հատվածում: Ավելի ուշ ուլտրասին տեղափոխեցին դարպասների հետևում կառուցված տրիբունաներ, սակայն «CURVA» անունը հավերժ ամրագրված մնաց:
«CURVA SUD» կամ «CURVA NORD» - տրիբունաների տեղակայման վայր: Հռոմում հյուսիսային մասը պատկանում է «Ռոմայի» երկրպագուներին և կոչվում է «CURVA NORD», իսկ հարավային մասում դիրքավորվում են «Լացիոյի» ֆանատները, այդ հատվածն էլ կոչվում է «CURVA SUD»:
TIFOSI - Այսպես են ակումբի երկրպագուներին կոչում Իտալիայում:
Սկզբում իտալացիներն օգտագործում էին «TIFARE» բայը, որպեսզի նշեին, թե որ ակումբին են երկրպագում: Ավելի ուշ միացավ նաև գոյականը, որն ուղիղ իմաստով նշանակում է տիֆով հիվանդ: Հետաքրքիր է, որ բառացի միայն Իտալիայում են որևէ թիմի երկրպագում, մնացած բոլոր երկրներում օգտագործում են աջակցել բառը (support):
TREQUARTISTA - Ֆուտբոլիստ, որը խաղում է խաղադաշտի 3/4-ում:
Այս բառը չեք գտնի աշխարհի ոչ մի լեզվում: Իտալական ֆուտբոլային ակադեմիաներում խաղադաշտը բաժանում են քառորդների: Որպեսզի անընդհատ չկրկնեն կիսապաշտպան տերմինը, ինչը լայն հասկացություն է, օգտագործում են «TREQUARTISTA» պարզ բառը: Ժամանակակից ֆուտբոլում մենք կիրառում ենք ենթահարձակվող գոյականը:
REGISTA - Ֆուտբոլիստ, որը սկսում է գրոհները
Կրկին ամեն ինչ պարզ է: «REGISTA» նշանակում է ռեժիսոր: «REGISTA»-ն նույնիսկ ամպլուա չէ, այն ավելի շատ դեր է ֆուտբոլիստի համար: Իտալական թիմերում «REGISTA» կարող է համարվել ցանկացած դիրքի ֆուտբոլիստ՝ հարձակվողից մինչև դարպասապահ:
FANTASISTA - Ֆուտբոլիստ, որը պատասխանատու է կրեատիվի համար
«FANTASISTA»-ն հաճախ շփոթում են «TREQUARTISTA»-ի հետ: Տարբերելու համար պետք է հասկանալ, որ «TREQUARTISTA»-ն խաղում է համապատասխան դիրքում և ունի կոնկրետ գործառույթներ, իսկ «FANTASISTA»-ի խնդիրը ոչ ստանդարտ մտահղացումներն են: Բառի արմատն արդեն հուշում է:
Իհարկե, իտալական ֆուտբոլի բառամթերքն այսքանով չի սահմանափակվում: Հանրահայտ լրագրող Ջանի Բրերան գտնում էր, որ տեղական դիալեկտն այնքան հարուստ չէ, որպեսզի արտահայտի «Calcio»-ի գեղեցկությունը:
Լինգվիստ-նորարարը բազմաթիվ տերմիններ և արտահայտություններ հնարեց: Հասարակությունը սկզբում դրանք սրերով դիմավորեց, սակայն ժամանակն ամեն ինչ դասավորեց դարակներում: