Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) կիսաեզրափակիչում 6-5 հաշվով հաղթել է իտալացի Սիմոնե Վիչեկնցո Պիրոդուին՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Ադամ Բիբոուլատովի նկատմամբ, որից հետո քառորդ եզրափակիչում նույն հաշվով հաղթել էր ռումինացի Դանիել Ռիտերին:
Եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Հայկ Պապիկյանը (70կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ)
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինս հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով լեհ Ռոման Շչևցին, ստացել է բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն։ Նրա մրցակիցը ադրբեջանցի Նուրադին Նովրուզովն է:
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։
Սերգեյ Սարգսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում 6-17 հաշվով զիջել է վրացի ըմբիշին: