Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (86 կգ) կիսաեզրափակիչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Կոչուկսոլակին ու դուրս եկել եզրափակիչ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որում 4-2 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Իվան Իչիզլիին: Քառորդ եզրափակիչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին:
Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիր է նվաճել Հայկ Պապիկյանը (70կգ), որը 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ: Երեք գոտեմարտերում հայ ըմբիշը միավոր չի տվել մրցակիցներին՝ 24-0: Մարտի 18-ին կայանալիք եզրափակիչում Հայկ Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որում 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինս հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով լեհ Ռոման Շչևցին, ստացել է բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն։ Նրա մրցակիցը ադրբեջանցի Նուրադին Նովրուզովն է:
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։
Մեժլում Մեժլումյանը (61 կգ) մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Ադամ Բիբոուլատովի նկատմամբ, ինչից հետո քառորդ եզրափակիչում նույն հաշվով հաղթել էր ռումինացի Դանիել Ռիտերին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Սերգեյ Սարգսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում 6-17 հաշվով զիջել է վրացի ըմբիշին: