Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (86 կգ) եզրափակիչում 1-11 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճեց արծաթե մեդալ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որում 4-2 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Իվան Իչիզլիին: Քառորդ եզրափակիչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակիչում 3-2 հաշվով հաղթել էր թուրք Իսմաիլ Կոչուկսոլակին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Պապիկյանը (70 կգ) ու Մեժլում Մեժլումյանը (61 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, Էդիկ Հարությունյանն (57 կգ) ու Մարտին Սիմոնյանը՝ բրոնզե մեդալակիրներ (125 կգ), Մենուա Յարիբեկյանին (74 կգ) քառորդ եզրափակիչում հաղթած ռումինացի մրցակիցը հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գորգիտչիանիի հետ, վրացի ըմբիշին մեկնարկում պարտված Սերգեյ Սարգսյանը (92 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոսեհին ու բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլջալիլ Շաբանովի հետ, Տիգրան Ղազարյանը պարտվել է քառորդ եզրափակիչում, իսկ Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում զիջել է մոլդովացի Ռադու Լեֆրետին: