Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ են դուրս եկել 5 ըմբիշներ:
Հայկ Պապիկյանը (70 կգ) երկու վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել կիսաեզրափակիչ: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայկ Պապիկյանը կգոտեմարտի Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի հետ:
Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին, որը հասել է եզրափակիչ՝ Հայաստանի ներկայացուցիչին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար։ Մարտի 18-ին Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի լեհ Ռոման Շչևցի հետ։ Հաղթողը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի հետ։
Տիգրան Ղազարյանը (65 կգ) նույնպես պայքարը սկսել է քառորդ եզրափակիչ, որտեղ 5-8 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Զոպալիին ու լքել պայքարը։
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին: Եթե Հունաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում հաղթի ադրբեջանցի մրցակցին, ապա Գրիգորյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում 1-6 հաշվով պարտվել է մոլդովացի Ռադու Լեվտերին, որն էլ հաջորդ գոտեմարտում 1-11 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Օքթայ Սիֆթչին: