Վիգեն Նազարյանը (87 կգ) դարձավ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 7-0 հաշվով հաղթեց ամերիկացի Ջոն Ուոլկերին։
Նազարյանը պայքարը սկսել էր օգոստոսի 18-ին և, հաղթելով ճապոնացի Դաիսաե Իսոեին (9-1) ու ղազախ Նուրասիլ Ամանալիին (3-1), դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ հավասար հաշվի պայմաններում (1-1) պարտվել էր Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ալի Չուբանիին (1-1)։
Օգոստոսի 19-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչները երկուսը դուրս են եկել եզրափակիչ։
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) եզրափակիչի ճանապարհին հաղթել է իսպանացի (9-0), ադրբեջանցի (6-0), վրացի (9-0) ու ղրղզ (8-0) ըմբիշների, իսկ ոսկե մեդալն օգոստոսի 20-ին կվիճարկի Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ։ Աղաջանյանը երկու գոտեմարտ հաղթել է տուշեով։
Գասպար Տերտերյանը (67 կգ) ևս տարել է չորս հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի եգիպտոսցի Մուստաֆա Ալամելդինի հետ։
Ռուբեն Գևորգյանը (82 կգ) երեք հաղթանակից հետո կիսաեզրափակիչում պարտվել է իրանցի Յասին Ալի Յազդիին ու կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում, իսկ Արշակ Գեղամյանը (97 կգ) երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Օգոստոսի 20-ին Արշակ Գեղամյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ևս չորս ներկայացուցիչներ պարտություն էին կրել։ Արամայիս Հարությունյանը (130 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն օգոստոսի 19-ին սփոփիչ գոտեմարտում պարտվել էր թուրք Թալիպ Չիվտչիի հետ։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։


