Հունգարիայի Կապոշվար քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, չեմպիոնի կոչումը նվաճած Եղիշե Մոսեսյանը (62 կգ) մի քանի տպավորիչ հաղթանակներ է տարել եզրափակիչի ճանապարհին:
1/8 եզրափակիչում Մոսեսյանը 0-9 հաշվով պարտվելիս է եղել ադրբեջանցի ըմբիշին, սակայն կարողացել է գոտեմարտն ավարտել 17-11 հաշվով հաղթանակով: Քառորդ եզրափակիչում նա 11-0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակիչում 3-1 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի ներքո գոտեմարտող Մագոմեդ Ջենարալիևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ եզրափակիչում հայ ըմբիշը 12-6 հաշվով հաղթել էր վրացի Գոգա Կոբուաձեին:
- Եղիշե Մոսեսյանի (62 կգ) տպավորիչ հաղթանակը 0-9 հաշվով ադրբեջանցի ըմբիշին պարտվելուց հետո:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Հուլիսի 8-ին պատանեկան ԵԱ-ում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բողրամյանը (85 կգ) դուրս են եկել եզրափակիչ, իսկ Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) և Արամ Սարգսյանը (62 կգ) հավակնում են բրոնզե մեդալների:
Տեսանյութը՝ ՀԸՖ մամուլի ծառայություն

