Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը։ 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ հունիսի 30-ը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«9 տարի առաջ ես միացա այս հրաշալի ակումբին ու շատ ուրախ եմ, որ երկարաձգում եմ համագործակցությունը։ Թիմի գլխավոր մարզիչի և նրա շտաբի հետ մենք նոր ճանապարհի սկզբում ենք»,- ասել է Լյուկ Շոուն։
Հիշեցնենք, որ Շոուն 2014 թվականին անգլիական «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նվաճել է երեք տիտղոս՝ դառնալով Անգլիայի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր ու Եվրոպա լիգայի հաղթող։ Մանչեսթերյան ակումբի կազմում անգլիացին անցկացրել է 249 հանդիպում, դարձել 4 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ։