Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել և բաց կթողնի Եվրո-2024-ի առաջին խաղը, հայտնում է Լեհաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
Լեհաստանի հավաքականը հունիսի 10-ին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել էր Թուրքիայի թիմին, բայց զրկվել է իր ռմբարկուից:
Կատալոնական «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվողի բուժզննումից հետո ախտորոշվել է երկգլխանի մկանի պատռվածք, որի պատճառով նա բաց կթողնի Եվրո-2024-ում Լեհաստանի հավաքականի առաջին խաղը Նիդերլանդների դեմ:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռոբերտը կարողանա մասնակցել Ավստրիայի հետ մեր երկրորդ խաղին»,- ասված է Լեհաստանի հավաքականի բժշկական անձնակազմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Լեհաստանի հավաքականի առաջին խաղը տեղի կունենա հունիսի 16-ին, իսկ երկրորդը՝ 5 օր անց: