Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսն Ուրուգվայի ազգային հավաքականում վերջին խաղն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով։ 37-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը Պարագվայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 7-րդ տուրի տնային հանդիպումն էր, որն ավարտվել էր 0-0 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո երկրպագուները հրաժեշտ էին տվել Սուարեսին, որը չէր զսպել արցունքները։
«Մի քանի օր անց ես պարզապես կարող եմ գրել ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն գեղեցիկ պահի համար, որն ունեցա ուրբաթ։ Այն բացառիկ ու առանձնահատուկ էր, քանի որ ընտանիքս կողքիս էր։
Դա լավագույն հրաժեշտն էր, որը կարող էի ունենալ հարազատներիս ու ինձ ճանաչողների շրջապատում։ Շնորհակալ եմ Ուրուգվայի ամբողջ ժողովրդին՝ անփոխարինելի սիրո համար։ Ես այլևս Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ չեմ, սակայն միշտ կլինեմ թիմի երկրպագուն»,- սոցցանցերում գրել է Սուարեսը։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն Ուրուգվայի հավաքականում նորամուտը նշել էր 2007 թվականի փետրվարին։ Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 143 խաղում դարձել է 69 գոլի ու 39 ասիստի հեղինակ։