2023 թվականի նոյեմբերի սկզբին Կոլումբիայի ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Լուիս Դիասի ծնողներին Կոլումբիայի Ազգային ազատագրական շարժում խմբավորման ներկայացուցիչներն առևանգել են: Դիասի մորը հաջողվեց արագ ազատվել չարագործների ճիրաններից, իսկ հոր պատմությունն այնքան լրջացավ, որ տեղեկությունը հասանելի դարձավ մամուլում: Սկզբում Դիասը համեստորեն լռում էր՝ զսպելով էմոցիաներն ու սպասելով, որ րոպե առաջ հայրը ազատ արձակվի, բայց գնալով իրավիճակն ավելի էր լրջանում, իսկ ֆուտբոլիստն այլևս անգործ մնալու ուժ չուներ:
Նոյեմբերի 5-ին «Լիվերպուլն» արտագնա խաղում մրցում էր «Լութոն Թաունի» հետ: Թիմը սենսացիոն պարտություն էր կրում, իսկ պահեստայինների նստարանին Դիասն էր, որին Յուրգեն Կլոպը պատրաստ էր խաղաժամանակ տրամադրել, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանար: «Լիվերպուլը» Դիասի կարիքն ուներ, Դիասն էլ «Լիվերպուլի»: Կոլումբացին 83-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին փրկեց մերսիսայդցիներին: Գոլից հետո աշխարհը Լուիս Դիասի շապիկին տեսավ գրություն, որտեղ ասվում էր՝ Ազատություն հայրիկիս...12 օր տևած գերությունից հետո Լուիս Մանուել Դիասն ազատ արձակվեց, իսկ նրա որդու հերոսական խաղը աշխարհը երբեք չի մոռանա...
Լուիս Դիասի կյանքը դրամատիկ ֆիլմի սցենարի է հիշեցնում: Լուիսի մանկությունն անցել է Կոլումբիայի հյուսիսային շրջաններից մեկում՝ Լա Գուահիրայում, որը սահմանակից է Վենեսուելային և Կոլումբիայի ամենամոռացված շրջաններից մեկն է: Դիասի ծննդավայրում 2008-ից 2016 թվականներին թերսնման պատճառով ավելի քան 5000 երեխա էր մահացել: Սովից մինչև ազգային հերոսի ճանապարհը Դիասը պատվով անցավ: Նա դարձավ հնդկացիների Վայու ցեղախմբի առաջին ներկայացուցիչը, որին հաջողվեց խաղալ եվրոպական գրանդ ակումբում: Մանկուց կուլումբացին օժտված էր սուպերդրիբլինգով, բայց ֆիզիկական տվյալներով չէր փայլում: Նա այնքան նիհար էր, որ հայրենի գյուղում տեղացիները Լուիսին Ֆիդեո էին ասում, ինչը թարգմանաբար նշանակում է մակարոն: Լա Գուահիրայում ֆուտբոլային սկաուտինգը գրեթե չէր հասնում:
Հայտնի չէ, թե կյանքը Լուիսին, որ ուղղությամբ կտաներ, եթե չլիներ երջանիկ պատահականությունը: Օրերից մի օր Աստծո կողմից մոռացված վայրում չգիտես ինչու հայտնվել էր կոլումբական ֆուտբոլի լեգենդ Կառլոս Վալեդերաման, որը թիմ էր հավաքում լատինաամերիկյան ժողովրդների տարբեր ցեղախմբերի մասնակցությամբ մրցաշար կազմակերպելու համար: Վալդերաման Դիասին նկատեց և արդյունքում Լուիսը հայտնվեց Բարանկիլիայում: Սկզբում Դիասը սկսեց աշխատել ֆիզիկական վիճակի բարելավման վրա և հատուկ նշանակված սննդակարգի շնորհիվ արագորեն 10 կգ քաշ հավաքեց: Դրանից հետո նա ավելի կատարելագործեց դրիբլինգը և տեղափոխվեց «Աթլետիկո Խունյոր»:
2018 թվականին Ֆիդեոն Կոլումբիայի առաջնությունում 13 գոլ խփեց: Ֆուտբոլիստին հրավիրեցին ազգային հավաքական: Դիասի խաղին հետևելու համար հարազատ գյուղում հատուկ մեծ էկրան տեղադրվեց, ցեղախմբի հպարտության խաղը, որպեսզի բոլորը տեսնեին: Արգենտինայի հետ խաղում նա փոխարինեց Խուան Կուադրադոյին: Ֆուտբտոլիստն աստիճանաբար սկսեց հարմարվել ձախ եզրում ու քայլ առ քայլ խաղային հատուկ ոճ ստեղծեց: Նա գնդակով սիրում էր տեղափոխվել կենտրոն ու երկու ոտքով հրաշալի հարվածների տիրապետելով՝ միշտ խնդիրներ էր առաջացնում մրցակցի պաշտպանների համար: «Աթլետիկո Խունյորից» հետո հաջորդ քայլը Պորտուգալիայում հայտնվելն էր: «Պորտուում» մեկնարակը շատ հաջող ստացվեց:
Թիմի հետ Դիասը դարձավ առաջնության չեմպիոն, աստիճանաբար վերածվեց հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստի, բայց բեկումնային պահը 2021-ի Կոպա Ամերիկան էր, որտեղ Դիասը լավագույններից մեկն էր ու մրցաշարի խորհրդանշական թիմում հայտնվեց: Նա մեկը մյուսից գեղեցիկ 4 գոլ խփեց ու Կոլումբիան ի դեմս Լուիսի նոր առաջատար ունեցավ: Մրցաշարից հետո «Պորտուն» 80 միլիոն եվրո պահանջեց ֆուտբոլիստի համար: 2022-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլն» ընդամենը մեկ տրանֆեր ձևակերպեց՝ «Պորտուից» անսպասելի կերպով գնելով Կոլումբիայի հավաքականի եզրային հարձակվողին: Դիասի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Տոտենհեմը», բայց բանակցություններն ընթացքում փակուղի մտան: Վերջնական որոշումը կայացրեց հենց Դիասը, որն ընտրեց Կլոպի թիմում խաղալու հեռանկարն ու մերժեց լոնդոնցիներին: Այս տեղափոխությունը շատ անսպասելի եղավ, «Լիվերպուլն» օգտվեց նրանից, որ «Պորտուն» ֆինանսական խնդիրներ ուներ և ստիպված էր վաճառել առաջատարներից մեկին: Մերսիսայդցիների հարձակողական եռյակը՝ Սալահ-Մանե-Ֆիրմինո, քանդվում էր, ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվում էին, իսկ Դիոգու Ժոտան և Լուիս Դիասը թարմ արյուն էին թիմի համար: Դիասը եկավ, Կլոպը Մանեին տեղափոխեց կենտրոն, իսկ ձախ եզրը վստահեց կոլումբացուն: Յուրգենը շոկի մեջ էր, թե ինչպես Լուիսն առանց անգլերեն իմանալու արագ ինտեգրվեց թիմի խաղին ու միանգամից դարձավ անփոխարինելի ֆուտբոլիստ:
Դիասը հեռացել էր «Պորտուից», բայց մինչև օրս երկրպագուները նրա անունով մարզաշապիկներ են գնում: Ի տարբերություն այլ ֆուտբոլիստների, որոնք հեռացել են ակումբից ու երկրպագուների ատելությանն արժանացել, Դիասին «Դրագաուում» շարունակում են սիրել: Ընդամենը երկու տարում նա սիրո ու հարգանքի մթնոլորտ էր ստեղծել: Դիասի գործողությունները չափազանց բարդ է կանխատելել: «Լիվերպուլի» բախտը բերեց այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստի ձեռք բերելով, և խոսքը միայն նրա համար վճարված գումարի, կամ նրա արագ ադապտացիայի և խփած գոլերի ու ասիստների մասին չէ, այլ նրա, որ «Լիվերպուլն» առաջիկա տարիների համար հեռանկարային ներդրում է կատարել: «Էնֆիլդում» կոլումբացուն շատ ջերմ են ընդունել, ինչը ևս թանկ արժե, միևնույն ժամանակ, չկա մտավախություն, որ նա քիթը կցցի, կամ կմեծացնի պահանջներն ակումբի նկատմամբ, նա հստակ հիշում է, որտեղից է եկել, և ուր է ուզում գնալ: Դիասի կյանքը պատմություն է չհանձնվելու, պայքարելու, մարդկանց ֆուտբոլի շուրջ համախմբելու և ի վերջո՝ հաղթելու մասին...