Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հրապարակել է թիմի՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին երկու խաղի համար նախատեսված հայտացուցակը:
Հավաքական են վերադարձել Դավիդե Կալաբրիան («Միլան»), Ռաֆայել Տոլոյը («Ատալանտա»), Ժորժինյոն («Արսենալ») և Ալեսանդրո Բոնջորնոն («Տորինո»):
Առաջին անգամ հրավիրվել են «Մոնցայի» կիսապաշտպան Անդրեա Կոլպանին և «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիազոն:
Ընդլայնված հայտացուցակում ընդգրկված 29 ֆուտբոլիստներից 26-ը հանդես են գալիս Իտալիայի Ա Սերիայում:
Նոյեմբերի 17-ին Իտալիայի հավաքականը Հռոմում կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիային, իսկ նոյեմբերի 20-ին Լևերկուզենում արտագնա հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հետ:
Վեց խաղից հետո «Սկուադրա աձուրին» ունի 10 միավոր և C խմբում երրորդն է, իսկ երկրորդ տեղում ընթացող Ուկրաինան յոթ խաղում վաստակել է 13 միավոր: