«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Օլգա Սմորոդսկայան անդրադարձել է մոսկովյան ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու որոշմանը։
«Միանշանակ, Տիկնիզյանը կորուստ չէ Ռուսաստանի հավաքականի համար։ Դա իր որոշումն էր: Մենք նրա մակարդակի շատ ֆուտբոլիստներ ունենք։ Եվ այս մակարդակը, ճիշտն ասած, ամենաբարձրը չէ։ Նա երբեք չի հրավիրվել ազգային հավաքական, ուստի այստեղ նույնիսկ խոսելու բան չկա։ Ռուսաստանի հավաքականի համար նրա ընտրությունը ոչինչ չի փոխի»,- Օլգա Սմորոդսկայայի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» 23-ամյա ֆուտբոլիստը խաղացել էր Ռուսաստանի Մ21, Մ20 և Մ19 հավաքականներում: Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կպատրաստվի Թուրքիայի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղին (մարտի 28):