Կատալոնական «Բարսելոնայի»՝ նիդեռլանդցի հարձակվող Լյուկ դե Յոնգը չի տեղափոխվի «Կադիս»՝ հայտնում է Mundo Deportivo-ն: «Սևիլիայի» հարձակվողը կատալոնական ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ինչպես հայտնում է Cope-ն, ֆուտբոլիստի՝ վերջին շրջանում ցույց տված արդյունավետ խաղը փոխել է «կապտանռնագույնների» ծրագրերը: Կատալոնական ակումբը կպահի Դե Յոնգին մինչև վարձավճարով տեղափոխության ժամկետի ավարտն ու այս ամիս նոր հարձակվողի չի հրավիրի: Ակումբը նախատեսում է խնայել գումար, որպեսզի ամռանը ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները:
Հավելենք՝ Լյուկ դե Յոնգը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել նաև Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ (2:3) խաղում: