Թուրք լրագրող Օզգյուր Սանկարը հայտարարել է, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս տարվա հունվարին պատրաստ էր տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»:
«Այս տրանսֆերի համար միայն մեկ խոչընդոտ կար՝ Արսենի հոր կարծիքը, այլ խնդիրներ չկային։ «Գալաթասարայը» տրանսֆերի շուրջ պայմանավորվել էր «Դինամոյի» հետ։ Եթե ձեզ հետաքրքրում են ֆինանսական մանրամասները, կարող եմ տրամադրել դրանք՝ 13 միլիոն եվրո, որը ակումբը պատրաստվում էր վճարել չորս հավասար մասով, ինչպես նաև 2,5 միլիոն եվրո բոնուս:
Արսենը ցանկանում էր խաղալ «Գալաթասարայում», սակայն նրա հայրը մոլեռանդ մարդ է։ Սա հստակ տեղեկություն է, որը ես ստացել եմ «Գալաթասարայի» ղեկավարներից։ Ես երբեք առանց հաստատման նման բան չէի ասի։ Ասում են, որ բոլոր հարցերում պայմանավորվել էին ակումբի և խաղացողի հետ, նույնիսկ պատրաստ էին անձնական ինքնաթիռ տրամադրել նրան: «Դինամոն» Անթալիայում էր, ակումբը պատրաստվում էր այնտեղից Զախարյանին տանել Ստամբուլ և ավարտին հասցնել գործարքը»,- Սանկարի խոսքը մեջբերում է Independent Turkce-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հոլանդական «Ֆեյենորդը» հաստատել էր, որ հետաքրքրված է Արսեն Զախարյանի ծառայություններով: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: